ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը փետրվարի 12-ին հյուրընկալեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը ներկայացրեց Չինաստանում կրթական համակարգի որոշ մանրամասներ:
Դեսպանը մասնավորապես խոսեց Չինաստանի ճարտարապետաշինարարական բուհերի հետ համագործակցության հնարավոր տարբերակների մասին` կարճաժամկետ, երկարաժամկետ ուսումնական ծրագրեր, ինչպես նաև համատեղ մրցույթների կազմակերպում, ընդգծելով, որ համագործակցությունը կարող է լինել բազմաբնույթ և հեռանկարային:
Համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ այս տարի Համալսարանի ուսանողական հանրակացարանը հանձնվում է շահագործման, և բուհը պատրաստ է բազմաբնույթ ծրագրերի շրջանակում ուսանողական պատվիրակությունների հյուրընկալմանը: Դեսպանը խոսեց նաև մայիսի 1-ին “Շանհայ ԷՔՍՊՈ 2010” միջազգային ցուցահանդեսին Համալսարանի մասնակցության մասին: Դեսպանը պատասխանեց նաև ուսանողների հարցերին և խորհուրդ տվեց սովորել և մեկ անգամ ևս սովորել. “որովհետև գիտելիքը այն միակ կապիտալն է, որը ամենուր և ցանկացած իրավիճակում մարդու հետ է և անհնար է խլել նրանից” - նշեց Արմեն Սարգսյանը:
|